Շուշիի տակ թշնամու դիվերսանտների ոչնչացման բացառիկ կադրեր․ ANNA-News

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News  

Ադրբեջանական բանակը մոտեցել էր Շուշի քաղաքին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամբողջ աշխարհի հայությանը կոչ էր արել միանալ հնագույն քաղաքի պաշտպանությանը։ Այդ կոչին արձագանքել էին կամավորները։ Հարյուրավոր աշխարհազորայիններ մեկնեցին ռազմաճակատ։ Նրանցից շատերն անցել են ղարաբաղյան առաջին պատերազմն ու լավ են հիշում այս տեղանքը։  ANNAnews-ը տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել Շուշիից տեսանյութ է հրապարակել։

«Փորձառու զինվորական անձնակազմի մի փոքր խմբի հետ միասին մենք հետախուզության մեկնեցինք: Նրանք պետք է զբաղեցնեին անցուղին և գտնեին թշնամու դիվերսիոն խումբը։ Տեսանյութում կտեսնեք յուրահատուկ կադրեր հակառակորդի դիվերսիոն խմբի հայտնաբերման և տարված աշխատանքների մասին։ Այդ մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված եղավ դադարեցնել հարձակումն այդ ուղղությամբ»,- գրել է ալիքը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ