Սաթիկ Սեյրանյանը ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման հարցով դիմել է նախագահին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News  

Սաթիկ Սեյրանյան

 

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։

Սաթիկ Սեյրանյանի դիմումը՝ ստորև․

«2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվել է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Դրան հաջորդեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

Վերոնշյալ կարգավորումները, ըստ մասնագետների,  խնդրահարույց են թե՛  տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված կարգավորումների սահմանադրականության տեսանկյունից։

Ավելին՝  ԶԼՄ-ների հանդեպ հարուցվող վարչական վարույթների արդյունքում սահմանվող տուգանքների չափերը ոչ միայն վնասում են պատասխանատու մամուլի կենսունակությանը, այլև խիստ անբարենպաստ պայմաններ են ստեղծում հասարակության տեղեկացվածության՝ մամուլի դերի ու պարտավորությունների իրացման համար։

ՀՀ կառավարության 1655-Ն որոշման կիրարկման մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ են տրվում, իսկ վարչական վարույթները հարուցվում են ընտրողաբար։ Այսպիսով, մենք գործ ունենք խոսքի ազատության լրջագույն այնպիսի սահմանափակումների հետ, որի նաև կիրառությունն է խտրական, ընտրողական:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ խնդրում եմ ձեզ, ՀՀ սահմանադրությամբ ձեզ տրված լիազորությունների շրջանակում հնարավորինս սեղմ ժամկետում դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականության ստուգման հարցով, հատկապես այն պարագայում, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։

Այս անհամաչափ սահմանափակումները, որոնց պատճառով հանրությունը զրկվում է իր համար խիստ կարևոր և իրեն հուզող, իր կյանքին, անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանավեճերից, տեսակետներից և պաշտոնատար անձանց թերացումները քննադատելու հնարավորություններից, ոչ այլ ինչ է, քան քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ միակողմանի կերպով իրականության թելադրանք»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ