ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները իրենց հայրենասիրական պարտքն են կատարում՝ առաջնագծին ցուցաբերելով տարատեսակ աջակցություն:
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի 116 հանրակրթական դպրոցները, միանալով «Մենք ենք մեր սահմանները». համախմբվենք հանուն հայրենիքի նախաձեռնությանը, հավաքագրել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել մոտ 45 միլիոն 342 հազար 270 դրամ, որից 22 միլիոն 732 հազար 680 դրամը մանկավարժները փոխանցել են իրենց սոցիալական փաթեթի գումարից:
Այս ձեռնարկին մասնակցել են մանկավարժական կոլեկտիվները, աշակերտական և ծնողական խորհուրդները:
Շնորհակալ եմ մարզի հանրակրթական դպրոցների ուսուցչական ու աշակերտական կոլեկտիվներին՝ բանակին օգնելու ծրագրում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար»։
--00—ԼՄ