Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Ռուդենկո

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կան որոշակի մշակումներ, որ արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ներկայում խոսվում է հենց դրա մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դեռ կան որոշ մշակումներ` ԼՂ հակամարտության լուծման հարցում, որ արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ներկայում խոսքն այդ մասին է»,- նշել է նա:

Ռուդենկոն ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման օգտին:

«Մենք միանշանակ ելնում ենք այն հանգամանքից, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Որոշումը պետք է լինի քաղաքական, համապարփակ, հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- ասել է նա:

ԱԳ փոխնախարարը նաև հայտնել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին:

«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակով, առաջին հերթին` Մինսկի խմբի շրջանակներում: Որևէ այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով` Մոսկվան ընդհանուր առմամբ կգերադասեր, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցով շահարկումներ չլինեին:

--00--ԱԹ