Պատերազմում հաղթում է նա, ով ունի հակառակորդին հանկարծակիի բերելու կամային որակներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

հասարակական

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային հատվածում վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով պսակած ՊԲ 4 զինծառայողներ՝ ներթափանցելով թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել են մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և առգրավել կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն», - կարդում ենք ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի այսօր տարածած հաղորդագրության մեջ և կատարում ռազմաճակատային ընթացիկ զարգացումների հետ կապված շատ կարևոր մի հետևություն՝ հայ զինվորն օր-օրի վերագտնելով իրեն, թեկուզ փոքր խմբերով, բայցևայնպես, մարտագծի որոշ հատվածներում սկսում է հանդես գալ պարտադրողի դիրքերից:

Իսկ ճակատային որևէ բնագծում նման նախաձեռնողականության դրսևորումը նշանակում է ոչ այլ ինչ, քան լինել թելադրողի դերում: Չմոռանանք, որ պատերազմում հաղթում է նա, ով ունի հակառակորդին հանկարծակիի բերելու և ստեղծված իրավիճակն իր օգտին լուծելու կամային որակներ: Փաստ է, որ մեր 4 զինծառայողներն իրենց այդ գործողությամբ դա ապացուցեցին:

Համոզված եղեք, առաջիկայում նման դրսևորումները լինելու են ավելի կազմակերպված և հաճախակի, քանի որ սա է պահանջում հաղթելու տրամաբանությունը: Հավատանք ու փառավորենք Հայոց զինվորին»:

--0--ԿԿ