Աշխարհն արձագանքում է Արցախի կոչին. ի՞նչ բանաձևեր են ընդունվել պատերազմի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

արցախ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ շաբաթ անց Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, որին հետևեց արձագանք` տարբեր երկրներից` Արցախի անկախության ճանաչման, Արցախին սատարող բանաձևերի ընդունման, ադրբեջանական ագրեսիայի ու Թուրքիայի մասնակցության դատապարտման տեսքով:

24News-ն առանձնացրել է ռազմական գործողությունների սկսվելու պահից ի վեր Արցախի Հանրապետության ճանաչման ու ճանաչումը սատարելու մասին բանաձևերը:

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Կատալոնական Ամպոստա քաղաքը քաղաքային խորհրդի լիագումար նիստի ընթացքում ընդունեց բանաձև, որը դատապարտում է Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում:

Իտալիայի Չերկիարա դի Կալաբրիա քաղաքի քաղաքային խորհուրդը Ացախի ճանաչումը սատարող բանաձև է ընդունել։ Բանաձևում քաղաքային իշխանությունները դիմում են Իտալիայի ազգային իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման։ Բանաձևում քաղաքային խորհուրդը դիմել է Իտալիայի իշխանություններին՝ ճանաչելու Արցախը, ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության ՝ նպատակ ունենալով վերջ դնել ռազմական գործողություններին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախի անկախության ճանաչման բանաձևն ընդունել է միաձայն և Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արել ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին։

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը սատարելու գործին:

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը

Շվեյցարիայի Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:

Ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի.

  • 17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
  • 10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
  • 8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
  • 12 սեպտեմբերի, 2014 թ.՝ Բասկերի Երկրի խորհրդարանի բանաձև։
  • 3 մարտի, 2016 թ.` ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 29 մարտի, 2016 թ.` ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 28 սեպտեմբերի 2017 թ․՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև։

2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։

Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.

  • 23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։

1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:

2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդը ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։

--00--ԱԹ