Գործուն քայլեր անել`ճանաչելու Արցախը. կոչ միջազգային համալսարանական հանրությանը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24News  

Արցախ

«Պետական բարձրագույն ուսումնական հաստատություննների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգարժա՛ն գործընկերներ եւ միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչներ,2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ եւ միջազգային վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ, ոտնահարելով մարդասիրական իրավունքի նորմերը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում համընդհանուր հրադադարի կոչը, ռազմատենչ հռետորաբանությունից անցավ լայնամասշտաբ հարձակման Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Ադրբեջանցի ագրեսորները, կիրառելով միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակներ, կրակ են բացել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունները, ավերելով դրանք եւ պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաեւ խաթարելով կրթության իրավունքը:

Թուրքիան, օգտագործելով Ադբեջանի տարածքային նկրտումների պատրվակը, իր զավթողական հեռահար նպատակների իրագործման ճանապարհին ակտիվ ջանքեր է գործադրում պատերազմի բորբոքման ուղղությամբ՝ ներգրավելով վարձու մարդասպան–ահաբեկիչների։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անում է հնարավորը՝ 1915 թ. իր նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղապանության լիակատար իրագործման համար, այլեւ փորձում է քայլ առ քայլ իրագործել պանթուրքիզմի գաղափարը։ Նրա  վարած՝ կեղծիքով ու զրպարտանքով սեփական շահերը քողարկելու քաղաքականության հետեւանքով արդեն տուժել են նաեւ մի շարք այլ երկրներ՝ Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան, Լիբիան եւ Իրաքը: Եվ հենց նրա այս երկդիմի եւ ագրեսիվ քաղաքականությունն է հիմք ընձեռում աշխարհի առաջադեմ վերլուծաբաններին եւ փորձագետներին ճշգրտորեն մատնանշելու այդ որդեգրած մարտավարության եւ դրա աշխարհաքաղաքական զարգացումների աղետալի հետեւանքների վտանգը:

Ավա՜ղ, պատմության փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր չկանխված պատերազմ եւ ագրեսիայի դրսեւորում հանգեցնում է աղետալի հետեւանքների: Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները ապացուցում են, որ յուրաքանչյուր չկանխված ագրեսիա ծնում է էլ ավելի մեծ ողբերգություն՝ ի ցույց դնելով այդ աղետալի երեւույթի պատմական տրամաբանությունը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հայ բնակչությունը, որը դարեր շարունակ կազմել է այդ տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը, գտնվելով բնաջնջման տեւական սպառնալիքի, իսկ սեպտեմբերի 27-ից ի վեր՝ արդեն իրական վտանգի տակ, իրավունք ունի լիակատար ինքնորոշման՝ ի դեմս սեփական անկախ պետականության հաստատման: Արցախի (Լեռնային Ղարաբաղ) անկախության միջազգային ճանաչումն է այն բանաձեւը, որ հնարավորություն կտա կանխելու բնաջնջման եւ էթնիկ զտման ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ներկայիս լայնածավալ ագրեսիան եւ ապահովելու երկարատեւ խաղաղություն տարածաշրջանում:

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաեւ քաջ գիտակցելով, որ առկա զարգացումներում տարածաշրջանում գլուխ է բարձրացնում նաեւ ծայրահեղ վտանգավոր միջազգային ահաբեկչությունը, մենք՝ Հայաստանի Հանրապետության համալսարանական հանրությունը, խստագույնս դատապարտում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը եւ պատերազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում հանդես գալ միասնական ճակատով եւ ձեւավորել խաղաղության իրական եւ գործուն պահանջ, այլ ոչ թե հռչակագրային կարգախոս: Կոչ ենք անում գործուն քայլեր անել ճանաչելու Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության անկախությունը, ինչը կծառայի միջազգային իրավունքով սահմանված նորմերի լիակատար իրացմանը, խաղաղության հաստատմանն ու ժողովրդավարական արժեքների ամրագրմանը:

Աներկբա վստահում ենք միջազգային համալսարանական հանրության հզոր ներուժին եւ  հավատով ակնկալում նրա գործուն միջամտությունը՝ տարածաշրջանում սանձազերված ագրեսիան կանխելու եւ մարդկության խաղաղ զարգացմանը նպաստելու գործում»:

 --00—ՄՀ