Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, ինչի՞ մասին էին հետո լինելու բանակցությունները. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը:

PБK հեռուստաընկերություն - Պարոն նախագահ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մոտեցել է գագաթնակետին: Այսօր առաջին պլանում, իհարկե, պատերազմն է, սակայն գուցե պետք է դրա արմատներն անցյալում փնտրել: Կարո՞ղ էր արդյոք ԽՍՀՄ-ը լուծել ղարաբաղյան հարցը:

- Թերևս պետք է գնալ հարցի արմատները: Ղարաբաղը Հայաստանի մաս է, այստեղ հայերը բնակություն են հաստատել հազարավոր տարիներ, 4-րդ դարասկզբին դարձել են քրիստոնյա: Նրանք շատ կայսրություններ են տեսել, որոնք եկել ու գնացել են, այնուհետև դարձել են Ռուսական կայսրության մաս:

1920-ականներին ստեղծվեց այն հիմնախնդիրը, որն ունենք այսօր, քանի որ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարության որոշմամբ Ղարաբաղը տրվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Այն ժամանակ հնարավոր էր հարցը կարգավորել, սակայն անցած 70 տարում ոչինչ չարվեց: Ադրբեջանն ուներ ավելի քան 70 տարի, որպեսզի ստեղծեր անհրաժեշտ պայմաններ Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունն ապահովելու համար: 1920 թվականին Ղարաբաղում բնակվում էր 300-350 հազար մարդ, որի 90-95 տոկոսը հայեր էին: 1990 թվականին արդեն այնտեղ բնակվում էր 150 հազար մարդ՝ 75 տոկոս հայերով: Մարդիկ հեռանում էին այնտեղից, քանի որ չկային պայմաններ՝ հայկական դպրոցները չէին գործում, երիտասարդներն իրենց կյանքն ու գործունեությունը զարգացնելու հնարավորություն չունեին, ուստի մարդիկ հեռանում էին:

1988-ից հետո սկսվեցին իրադարձություններ, որոնք դարձան Բաքվի նպատակների բաց ինդիկատորները՝ տեղի էին ունենում հայերի զանգվածային էթնիկ զտումներ, ինչպես՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում: Խոսքը ավելի քան կես մլն հայ փախստականների մասին է, ովքեր լքեցին Ադրբեջանը, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմ սկսվեց:

Այսօրվա իրադարձությունները, այդ թվում՝ Բաքվի զանգվածային հարվածները Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտներին հերթական անգամ ապացուցում են հենց այս փաստը:

Ձեր հարցին հստակ պատասխանելով, պետք է ասեմ՝ այո, եթե Խորհրդային Միության ղեկավարությունը 1920-ականների սկզբին նման որոշում չընդուներ, նման խնդիր չէր լինի: Եթե ԽՄ ղեկավարությունը 1960-70-80-ականներից հետո ունենար ամուր քաղաքական կամք, կկարողանար խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ Խորհրդային Միության ներսում: Սակայն դա տեղի չունեցավ պարզ պատճառով՝ ԽՄ ղեկավարությունն այդքան ուժեղ կամ նպատակաուղղված չէր, որպեսզի ներքին խնդիրները կարգավորեր, և ամեն բան թողեց ապագային:

PБK հեռուստաընկերություն - Թերևս ոչ ոք չէր մտածում, որ Խորհրդային Միությունը կփլուզվի: Ըստ Ձեզ, ինչո՞ւ Միության փլուզումից հետո քարտեզի վրա այդքան շատ խնդրահարույց կետեր ձևավորվեցին, այդ թվում ձեզ մոտ: Հնարավորություն կա՞ր խուսափել դրանից:

- Պատասխանելուց առաջ կուզեի վերադառնալ հարցին, որի մասին քիչ առաջ խոսում էինք: Կարևոր է հասկանալ ղարաբաղյան խնդրի էությունը: Կան տարբեր մեկնաբանություններ: Դուք երևի շատ եք լսել, որ Ադրբեջանը բարձրաձայնում է տարածքային ամբողջականության հարցը: Սակայն ի՞նչ տարածքային ամբողջականություն: Այն, որ խորհրդային ղեկավարությունը Ղարաբաղը 70 տարով տվել էր Ադրբեջանի խնամակալությա՞նը: Ամենակարևորը այսօր՝ խորհրդային իշխանության 70 տարիներից, անկախության 30 տարիներից, Լեռնային Ղարաբաղում անկախ Հանրապետություն ստեղծելուց հետո շատ կարևոր է հասկանալ, որ Ղարաբաղի հայերի համար անկախությունը նպատակ չէ, այլ՝ անվտանգ ապրելու, կյանքը կառուցելու ու առաջադիմության միակ երաշխիքը, ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը: Սրանից էլ արդեն շատ բաներ են բխում:

Իսկ Խորհրդային Միության գաղափարախոսությունն այնպիսին էր, որ նրա ղեկավարությունը, հիմնադիր հայրերը չէին մտածում այն նրբությունների մասին, որոնք կապված էին մշակույթի, անցյալի, պատմության, կրոնի հետ: Այս ամենը երկրորդական էր Խորհրդային Միության այն ժամանակվա մեծն հիմնադիրների համար: Նրանք կարծում էին, թե հնարավոր է տարիների ընթացքում կերտել Խորհրդային Միության նոր քաղաքացի, և այդ նրբությունները ոչ մեկին պետք չէին լինի: Այդ իսկ պատճառով ոչ ոք ուշադրություն չէր դարձնում շատ ցավալի ու խնդրահարույց հարցերի վրա, որոնք կային ԽՄ ողջ տարածքում: Փլուզումից հետո այս ամենը, իհարկե, բացահայտվեց: Եվ ոչ միայն Ղարաբաղում:

PБK հեռուստաընկերություն - Ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

- Հայերն ամեն դեպքում լավատես և ճիշտ մտածող ժողովուրդ են: Մենք մտածում ենք և, կարծում եմ, ճիշտ ենք մտածում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին վերջնական որոշման կարող ենք հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այլ ուղի չկա: Ցանկացած ռազմական լուծում վերջնական չէ, ցանկացած պատերազմ մարդկային մեծ թվով կյանքերի կորուստ է՝ բոլոր կողմերից: Եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը, ապա ինչի՞ մասին էին հետո լինելու բանակցությունները: Բանակցությունների համար Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար ստեղծվել էին բոլոր պայմանները, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է՝ իր երեք համանախագահներով: Կարծում եմ, ավելի լավ տարբերակ մտածել հնարավոր չէր: Այդ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: 1994 թվականի զինադադարին հաջորդած 26 տարիների ընթացքում բանակցություններ էին ընթանում: Չէի ասի, թե դրանք անհաջող էին, քանի որ նման խնդրի լուծումն առհասարակ շատ բարդ է: Դրանում շատ նրբերանգներ, շատ տարրեր կան: Բանակցությունների ընթացքում որոշվում են խնդրի շատ դետալներ: Բանակցությունների ավելի քան 20 տարիների ընթացքում կողմերը հասել էին այնպիսի մակարդակի, երբ պետք էր մտածել միայն փոխզիջումների ու քաղաքական որոշումների մասին: Այսինքն, պետք էր քաղաքական կամք դրսևորել և գնալ առաջ: Բանակցությունները չեղարկել միայն այն պատճառով, թե դժգոհ ես ինչ-ինչ հարցերից, սխալ ուղի է, քանի որ ռազմական ճանապարհով խնդրի վերջնական լուծման որևէ կերպ անհնար է հասնել: Կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցություններ: Եվ դա ոչ միայն ԼՂ խնդրի, այլև ողջ աշխարհում տարբեր հակամարտությունների դեպքում է:

Մյուս կողմից, հայերը լավատես են, ինչպես ասացի: 1994 թվականի հրադադարից հետո հայերը սկսեցին վերադառնալ բնականոն կյանքի, կառուցում էին դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, վերականգնում էին տնտեսությունը: Բոլորը երազում էին, որ վերջնարդյունքում բանակցությունների միջոցով կհաստատվի խաղաղություն, կկարողանան ապրել խաղաղության ու ներդաշնակության մեջ՝ նորմալ հարաբերություններ ունենալով հարևան Ադրբեջանի հետ: Բայց... 2020 թվականի սեպտեմբեր…:

--00--ԱԹ