Ադրբեջանը պետք է հրաժարվի ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից։

The Jerusalem Post - Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանությունը: Եվ երբ Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանությունն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցավ: Նա դիմեց Թուրքիայի օգնությանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարավոր վարձկանների: Որից հետո Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա:

Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդությունը: Որովհետև, ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ սուբյեկտ չէ, որ ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ սրանով արդեն իրավիճակը շատ ավելի բարդանում է: Որովհետև հարցը այս ամենի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանությունից: Որովհետև, էլի եմ ասում, այստեղ ներգրավված են վարձկաններ, ում ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլև Իրանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք, Ռուսաստանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձությունները, թեկուզ անուղղակիորեն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ:

Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետևյալն է. Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից:

--00--ԱՀ