Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի նախաձեռնած «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում:

Զոհրաբ Մնացականյանը ներկաներին իրազեկել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով: Նախարարը հանգամանալից տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ: 

ԱԳ նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ: «Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի խուսափելն իր ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին:

Նախարար Մնացականյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»: 

--00--ԱՀ