Ստեփանակերտում թշնամու հրետակոծության հետևանքով կա վիրավոր․ օգտագործվել է 120 մմ ականանետ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News  

Ստեփանակերտ

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ