ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:
Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության՝ «Արցախբանկ» ՓԲԸ–ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների եւ քննարկումների արդյունքում արված հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից:
Ընկերությունը տեղեկացրել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկին, վերջիններիս հարցերը տեղում պարզաբանվել են եւ, անհրաժեշտության դեպքում, կատարվել ճշգրտումներ: Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:
«Կցանկանայինք հավաստիացնել մեր հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից:
--00--ԱՀ