ՀՀ-ն շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

տնտեսական

Հայաստանը պատերազմական իրավիճակում կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքները եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցների, նաև հաևան Վրաստանի և Իրանի հետ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այս ժամանակահատվածում կանոնավոր շարունակվել է աշխատանքը եվրասիական ուղղությամբ, եվրասիական կառույցների հետ՝ լինի տնտեսական կառույցը՝ ԵԱՏՄ-ն, թե ռազաքաղաքական՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն: Նույնը վերաբերում է մեր հարևաններին՝ Վրաստանին, Իրանին»,- ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ, բնականաբար, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանի հարևաններին: Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, նրանք դրա մասին բացահայտ խոսում են և ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում: «Նրանք (իրանցիները-խմբ.) այդ ահաբեկիչների դեմ կռվում էին Մերձավոր Արևելքում, հիմա հայտնվել են իրենց հարևանությամբ: Այդ վտանգը հստակ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամողջ ԱՊՀ տարածքին, այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում, անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

--0--ԿԿ