Չեխ պատգամավորներն աջակցում են ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությանը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

չեխիա

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը: Պատգամավորները շեշտել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ տեղեկացրել է Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ իր երախտագիությունը հայտնելով Պատգամավորների պալատի բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարեկ Բենդային և աջակցություն և համերաշխություն հայտնած մյուս բոլոր պատգամավորներին:

Չեխ պատգամավորների հայտարարության մեջ ասված է.

«Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և, հիշեցնելով քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017 թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:

Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի նախաձեռնած Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ՝

- դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ.

- զգում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է դառնալ վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկը.

- հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը.

- համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը.

- կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը.

- խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանի շուրջ, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,

- լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը.

- խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվրոպական միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով»:

--00—ՄՀ