Արտաշատի քաղաքապետը խոչընդոտել է Արցախի փախստականներին օգնության բաժանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանն արգելք է հանդիսացել, որպեսզի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն այսօր քաղաքապետարանի դիմաց օգնություն հատկացնեն Արցախից եկած փախստականներին։ 

Ինչպես մեզ հայտնեցին կուսակցությունից, օժանդակ խումբը պայմանավորվել է Արտաշատում ժամանակավոր բնակվող մեր հայրենակիցներին հանդիպել քաղաքապետարանի դիմացի հրապարակում, սակայն երբ սկսել են մեքենաներից հանել ձեռքբերված անհրաժեշտ պարենը, նրանց է մոտեցել քաղաքապետարանի ներկայացուցիչն ու Բենիամինյանի անունից արգելել օգնություն տրամադրել հենց այդ վայրում։ 

«Հենց Արցախի մեր հայրենակիցներն առաջարկեցին հանդիպել քաղաքապետարանի մոտ, որպեսզի բոլորի տներ չմտնենք։ Իհարկե, առանց հետին մտքի համաձայնեցինք, գնացինք՝ կանգնեցինք քաղաքապետարանի դիմաց, մարդիկ եկան, հանեցինք մեզ հետ բերածը, որ տայինք։ Ամբողջ պրոցեսը մի քանի րոպե էր տևելու։

Բաժանելու էինք ու գնայինք։ Մեկ էլ մեզ մոտեցավ մեկը, իմացավ՝ ինչ ենք անում, հետ գնաց ու վերադառնալով՝ հայտարարեց, թե քաղաքապետն արգելում է այստեղ կանգնել։ Սա ինչ գավառական մոտեցում է։ Ուղղակի ապշած ենք նման վերաբերմունքից։ Քաղաքապետը պետք է որոշի, թե մենք որտեղ կանգնենք ու ինչ անե՞նք», - նշեց մեր զրուցակիցը։ 

Նա նաև հավելեց, որ մինչ այս ՀՀ տարբեր քաղաքներում իրենք օգնություն են հասցրել փախստականներին, սակայն տեղական իշխանությունների կողմից միայն օգնություն են ստացել։

--00--ԱՀ