Արման Թաթոյանը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ դաժանությունների ապացույցները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է, որ ադրբեջանական չտարբերակված հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ ատելությունն այն աստիճանի բարձր է, որ դրսևորվում է վայրագություններով ու խոշտանգումներով, դաժան վերաբերմունքով: Այնուհետև, այդ ամեն ինչը հրապարակվում է հատուկ նպատակով ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ արժանանալով հանրային գովեստի ու հայասպանության խրախուսանքի:

Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: