Ալեն Սիմոնյանը Մոսկվա է այցելել ԼՂ հարցով խորհրդատվությունների շրջանակում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

ալեն սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Մոսկվա է այցելել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առթիվ խորհրդատվությունների շրջանակում: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Սիմոնյանը նշել է՝ Մոսկվա է եկել, քանի որ շատ կարևոր է քննարկել և ծանոթ լինել տարածաշրջանում այսօր ստեղծված իրավիճակի իրական պատկերին:

«Այստեղ ես հանդիպումներ կունենամ Պետդումայի, հնարավոր է՝ նաև Դաշնային խորհրդի իմ գործընկերների հետ: Նախատեսված են զրույցներ քաղաքագետների հետ: Ես վստահ եմ, որ իմ ռուս գործընկերների համար կարևոր է առաջին դեմքից շատ բաներ իմանալը: ԼՂ խնդիրը վաղուց արդեն երկու նախկին խորհրդային երկրների տարածքային խնդիր չէ: Սա գլոբալ խնդիր է, որ առնչվում է նաև տարածաշրջանում և աշխարհում Մոսկվայի շահերին»,- ասել է նա:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ ուղարկեց, որում, ԼՂ-ում իրավիճակը նկարագրելով, խնդրել է որոշել ՀՀ տարածքի անվտանգության ապահովման հարցում ի՞նչ աջակցություն կարող է սպասել ՌԴ-ից՝ երկու երկրների հարաբերությունների դաշնակցային բնույթը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը հաշվի առնելով: Դիմոնյանի խոսքով՝ այս հարցը ևս ներառված է այն թեմաների մեջ, որ նախատեսում է քննարկել Մոսկվայում:

«ՀՀ վարչապետի հայտարարությունն առավելապես ԱԳ նախարարությունների իրավասության ներքո է և միջկառավարական հարաբերությունների մակարդակում: Բայց, այո, կարելի է ասել, որ իմ այցը Մոսկվա այդ խորհրդատվությունների մի մասն է: Երևանն ու Մոսկվան վարել և շարունակում են վարել խորհրդատվություններ՝ այս թեմայով, երկկողմ համաձայնագրի հիման վրա»,- նշել է նա:

--00--ԱԹ