Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

ARD - Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն էր, ես այն ժամանակ կանխատեսել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:

Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:

Եվ սա ուղղակի ոչ թե առանձին դրվագ է, այլ մեթոդաբանություն: Որովհետև այն, ինչ փոխզիջումային տրամաբանության ջանքի արդյունքում սկսում է ընդունելի դառնալ Հայաստանի, Ղարաբաղի համար, հենց նույն պահին սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար, և նա շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը: Սա ադրբեջանական բանաձևն է եղել միշտ, և Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

Բայց 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Օգոստոսից՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ:

--00--ԱՀ