Արցախում պատերազմ է քաղաքակրթության համար. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքակրթության պատերազմ են: Wargonzo նախագծին տված բացառիկ հարցազրույցում նման գնահատական է տվել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը: Նա նշել է՝ Թուրքիայի ակնհայտ միջամտությունը այս պատերազմի դաժանացման պատճառն է:

Ըստ Արիսյանի՝ Թուրքիայի մասնակցության նպատակը, հնարավոր է, տարածաշրջանային պատերազմի հրահրումն է, դրանում ՌԴ և այլ երկրների ներգրավումը: Պատգամավորը հայտնել է, որ խորհրդարանի նիստի ժամանակ անդրադարձել է այս հարցին և դատապարտել Թուրքիայի միջամտությունը:

Իսկ այդ միջամտությունն, ըստ Արիսյանի, բացահայտ է, այդ թվում՝ Սիրիայից ռազմական գործողությունների գոտի վարձկանների տեղափոխմամբ:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումն ու ագրեսիան ԼՂ ժողովրդի դեմ: Սիրիայի ժողովրդի շրջանում հայերի նկատմամբ մեծ ազգային կարեկցանք կա: Սիրիացի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ թուրքական ահաբեկչությունը դարձել է շարժուն և տեղաշարժվում է մի երկրից մյուսը»,- նշել է նա:

--00--ԱԹ