Շուշին վերադարձնելու համար պայքարը շարունակվում է․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Օրվա երկրորդ կեսից Շուշին անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Այն վերածվել է թատերաբեմի։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Բաբայանը տեղեկացրել է, որ համառ պայքարը քաղաքը վերադարձնելու համար շարունակվում է։ Նրա տեղեկացմամբ՝ քաղաքի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տարհանված է։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայում մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»։

Նշենք, որ ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությանը, թե Շուշին ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողությունից դուրս է, հաջորդեց Աարցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու են մինչև վերջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է` Շուշիի համար մարտերը շարունակվում են:

--0--ԿԿ