Պուտինը Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները կրկին «մեծ ողբերգություն» է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ողբերգություն է անվանել այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, և հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կհանգեցնեն խաղաղության:

«Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել առաջացած փոխզիջման և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Հուսով եմ, որ վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», - ասել է ՌԴ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

Ավելի վաղ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ