Խաղաղապահ ասվածը երկարաժամկետ է հնչում. Սոլովյովը՝ ԼՂ պայմանավորվածությունների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

խաղաղպահներ

Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայում Լեռնային Ղարաբաղում։ Սա առաջին անգամը չէ, երբ հետխորհրդային տարածքում ռուս զինվորականներն մասնակցում են խաղաղապահ գործողությունների: Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու փորձը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես են դասավորվելու գործողությունները, որոնք սկսվել են Լեռնային Ղարաբաղում և որքան կարող են դրանք տևել:

Ռուսաստանը նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն է սկսել: Հայաստանի վարչապետի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունից հայտնի է, որ հակամարտողների միջև կանգնելու է «1960 զինծառայող՝ հրազենով, 90 զրահատեխնիկայով, 380 միավոր ավտոմեքենայով և հատուկ տեխնիկայով»։

Կոնտինգենտի հիմնական մասը կազմում են 15-րդ մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողները։

Կրեմլի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ խաղաղապահների տեղակայումը 5 տարի ժամկետով է ևս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը դեմ չլինի: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ժամկետը ոչ այլ ինչ է, քան պայմանականություն, որի վրա չպետք է կենտրոնանալ որպես որոշակի վերջնաժամկետ: Նախկին ԽՍՀՄ տարածքի թեժ կետերում Ռուսաստանի հովանու ներքո իրականացված կամ իրականացվող խաղաղապահ գործողություններից ոչ մեկը չի ավարտվել ռուս զինվորականների ՝ իրենց պատասխանատվության գոտուց դուրսբերմամբ:

Ինչ գործառույթներ են իրականացնելու Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղպահները՝ դեռ հայտնի չէ։

Մերձդնեստրյան խաղաղապահ գործողության ճարտարապետներից մեկը, չճանաչված Մերձդնեստրի նախկին արտգործնախարար Վալերի Լիցկայը կարծում է, որ իրենց տարածաշրջանի փորձը կօգտագործվի նաև Ղարաբաղում:

«Բոլոր հաջող քայլերն ու որոշումները կտեղափոխվեն այնտեղ: Գործողությունը կիրականացվի այնպես, որ երկու կողմերը լինեն շղթայված, խիստ հսկողության տակ, բայց միևնույն ժամանակ մասնակցություն ունենան» - ասել է Լիցկայը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

--00—ՄՀ