Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ջիգարխանյան

Գիշերը մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, տեղեկացնում են Ջիգարխանյանի արտիստական թատրոնից:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին: Տղան  ընտանիքում երկրորդ երեխան էր: Նա մմանկուց երազել է դերասան դառնալ: Մայրը, սիրելով թատրոնը, որդուն  հաճախ է տանում ներկայացումների, որտեղ տղան սիրահարվում է թատրոնին, իսկ արդեն գիտակից տարիքում որոշում է, որ իր կյանքի ուղին կապելու է միայն թատրոնի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Ջիգարխանյանը մեկնում է Մոսկվա՝  դերասանի մասնագիտությունը սովորելու: Սակայն նրան մերժում են ռուսերեն լավ չտիրապետելու պատճառով՝  չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը  մեծացել էր ռուսալեզու միջավայրում և  կատարելապես գիտեր  լեզուն, սակայն արտասանությունը շատ տարբերվող էր: Երիտասարդը վերադառնում է  տուն  և 17 տարեկանից սկսում է  աշխատել «Արմենֆիլմ» կինոնախագծում ՝ որպես օպերատորի օգնական:

Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

--00--ԱԹ