Պատերազմը չի ավարտվել, հարգելիներս, հարաբերական ժամանակավոր դադար է. Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հիմա ասվում է (ասվել է նաև նախկինում...),թե գրաված տարածքները (խոսքը Արցախի մասին չէ...), պետք է / էր անպայման ամբողջությամբ վերադարձնել, միանգամից մտքիս գալիս է մեր կողմից այդքան քննարկված (բայց անկախ դրանից՝գրեթե ոչ մի դաս չքաղած...) և մեզ շատ հարցերով նման Իսրայելի օրինակը։

Այդ պետությունն իր հիմնադրման պահից (1948թ) ամբողջությամբ գրաված (օկուպացված) տարածք է։ Հետագայում էլ շարունակեց ընդարձակվել հարևանների՝ այսպես կոչված պատմական հողերի հաշվին՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» չհայտարարված բանաձևով։

Ամենաթարմ օրինակը Գոլանի բարձրունքների անեքսիան է 1967թվին Սիրիայից ( առ այսօր ՄԱԿ-ի կողմից ճանաչված Սիրիայի տարածք՝1800մ2...)

Հարց. կա՞ այսօր մի ուժ, որ այս պահին ստիպի Իսրայելին լքել Գոլանի բարձունքները։ Չի էլ լինի,քանի դեռ Իսրայելը հզոր է բոլոր առումներով...

Եվ թող թղթի վրա այդ տարածքները լինեն սիրիական։ Պետք է նախ կարողանալ այդ թուղթը կյանքի կոչել սեփական ուժերով (հզոր դաշնակիցներ ունենալը ևս սեփական ուժի ցուցանիշ է...)։ Իրականում ուժեղին ներվում է գրեթե ամեն ինչ։

ՀԳ. 25 տարվա ընթացքում այդպես էլ գործնական լուրջ քայլեր չձեռնարկեցինք։ Հիմա էլ վստահ չեմ,որ անհրաժեշտ դասեր կքաղենք։ Չգիտեմ՝ ինչն է մեր ժողովրդին այդպիսի հանգստություն (արխայինություն) տալիս, երբ երկու աշխարհագրորեն հարևան պետություն առիթը բաց չեն թողնում թե խոսքով,թե գործով մեզ ոչնչացնելու համար։ Տպավորություն է/էր, կարծես պատերազմը մի շատ հեռու, վերացական երևույթ է, իսկ մենք էլ գտնվում ենք Եվրոպայի կենտրոնում...

Պատերազմը չի ավարտվել, հարգելիներս, հարաբերական ժամանակավոր դադար է։ Հետո զարմացած, անպատրաստ չասենք՝ էլի՞»:

--00--ԱԹ