Վստահեցնում եմ՝ սա տարընթերցում է․ գրառումը պարզապես շնորհակալություն է հերոս տղաներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ պարզաբանելով Փաշինյանի գրառումը: Նա վստահեցրել է, որ գրառումը տարընթերցվել է և այն պարզապես շնորհակալություն է հերոս տղաներին:  

«Սիրելի՛ քաղաքացիներ, վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։

Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։

Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս։

--00--ԱՀ