Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Պուտին Մակրոն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահները մանրակրկտորեն քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակի զարգացումը` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ և Ֆրանսիայի համանախագահությունը:

Վլադիմիր Պուտինը հանգամանորեն տեղեկացրել է ռուսական կողմից ձեռնարկված ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնց շնորհիվ հնարավոր է եղել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ զորախմբերի տեղակայման մասին:

Նշվել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ իրագործվում է, տարածաշրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գծով աշխատանքների համակարգման վերաբերյալ պատրաստակամություն հայտնելով` երկու առաջնորդները շեշտադրում են արել անհետաձգելի մարդասիրական հարցերի, այդ թվում` փախստականների` մշտական բնակության վայր վերադառնալու, նորմալ կենսագործունեության ապահովման, ենթակառուցվածքների վերականգնման, քրիստոնեական վանքերի ու տաճարների պահպանման կարևորության վրա: Այս առիթով ՌԴ նախագահը տեղեկացրել է Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի ստեղծման մասին:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության որոշ հարցեր, այդ թվում` ահաբեկչության վտանգին համատեղ հակազդելու ոլորտի վերաբերյալ:

 

--00--ԱԹ