ՀՀ ԱԳ նախարարը Չինաստանի դեսպանին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին է փոխանցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: 

Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

--00--ԱԹ