Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության հետևանքով. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։

Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև ազգային իշխանություններին ուղղված խորհրդատվական առաջարկություններ դասավանդման և ուսումնառության բարելավումների վերաբերյալ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, իր ելույթում ընդգծելով Հայաստանի հավատարմությունը Բոլոնիայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին և արժեքներին, շեշտել է, որ ի թիվս բազմաթիվ մարտահրավերների՝ կրթությունն այսօր վտանգված է նաև տարածաշրջանային պատերազմների, ծայրահեղականության, ահաբեկչության և բռնությունների հետևանքով, և Բոլոնիայի գործընթացը իր իսկ հիմնարար արժեքների դիրքերից պետք է արձագանքի այդ վտանգներին։

Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Նենսի Մկրտչյանը։

49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը։ Մասնակիցները շեշտադրել են ակադեմիական հիմնարար արժեքների, դասավանդման, ուսումնառության և նորարարության, բարձրագույն կրթության սոցիալական չափելիության հարցերը։

--00--ԱՀ