ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր անհնազանդության ակցիաներ իրականացվեցին Երևանում և Գյումրիում։ Երևանում ոստիկանները բերման ենթարկեցին «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանին, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քաղաքագետ Հրանտ մելիք-Շահնազարյանին, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և այլ քաղաքացիների:

--00—ՄՀ