ԼՂ-ում ցանկացած հնարավոր ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի. ԵՄ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News

ԵՄ

Նոյեմբերի 19-ին հրապարակած հայտարարությամբ Եվրոպական միությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է վտանգել ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

ԵՄ-ը նաև կոչ է անում տարածաշրջանից լիարժեք և արագ կերպով դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին։ ԵՄ-ը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ ընդունված միջազգային ձևաչափին ` այդ նպատակին հետամուտ լինելու համար:

ԵՄ-ը կարևորում է երաշխավորված մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղ և նրա շրջակա տարածքներ՝ տեղահանված բնակչության կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմաններով։ Ցանկացած ռազմական հանցագործություն, որը հնարավոր է կատարված լինի, պետք է հետաքննվի:

Եվրամիությունն ու իր անդամ պետություններն արդեն իսկ տրամադրում են զգալի հումանիտար օգնություն՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու նպատակով և պատրաստ են տրամադրել հետագա օգնություն:

--00--ԱԹ