Արցախում շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱԻՊԾ

Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ: Այս մասին հայտնում են ԱԻՊԾ-ից:

Նախորդ շաբաթների համեմատ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք:

Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրին պատուհասած վտանգը դեռ շարունակվում է, ուժի մեջ է ռազմական դրության ռեժիմը:

Օր օրի ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի վերաբերյալ 56 դեպք: Սակրավորական խմբերը դրանք տեղափոխել են անվտանգ տարածք ու վնասազերծել:

Սակրավորներն այժմ աշխատում են 911 ահազանգման կենտրոնում ստացված կանչերով: Նշենք, որ այժմ արցախցի գործընկերների հետ մեր հայրենակիցներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները:

Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 7 դեպք. Տուժել է 4 քաղաքացի: Փրկարարները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Սոցիալ-կենցաղային բնույթի 66 դեպք է արձանագրվել: Դրանց մեծ մասը բնակչությանն օգնելու կանչեր են. Հիվանդի կամ մահացած անձանց մարմինների տեղափոխում, ջրամատակարարում, դռան բացում, պարենային մթերքների առաքում և այլն:

Փրկարարական ջոկատները համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորակազմի հետ, շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներով:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս