Ականի պայթյունից ռուս խաղաղապահ և արցախցի փրկարարներ են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News  

Ական

Լեռնային Ղարաբաղում՝ Մատաղիսի հատվածում ականի պայթյունի հետևանքով մեկ ռուս խաղաղապահ և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 4 աշխատակից են վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: 

Պայթյունի հետևանքով մահացել է մեկ ադրբեջանցի զինվորական: Վիրավորում ստացած ռուս սպան հոսպիտալացվել է, տեղափոխվել Բաքու: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, և կյանքին վտանգ չի սպառնում:

Ականի պայթյունը տեղի է ունեցել, երբ համատեղ խումբը զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտում: Խմբում ներառված էին ռուս խաղաղապահներ, ադրբեջանցի զինվորականներ, Արցախի ԱԻՊԾ և ԿԽՄԿ ներկայացուցիչներ:

--00--ԱԹ