Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի դանդաղ տեմպով նվազում կա. վարակաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

կորոնա

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի դանդաղ տեմպերով նվազում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Ըստ մասնագետի՝ պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2000-ից ավելի նոր դեպք, վերջին օրերին թվերը կիսով չափ նվազել են: Հիմա օրական գրանցվում է 1300-1400 նոր դեպք: 

«Համաճարակաբանական օրինաչափությունն ասում է, որ մենք դանդաղ նվազում ունենք, ինչպես առաջին ալիքի դեպքում էր: Դա ամենևին չի նշանակում, որ դա իսպառ կվերանա: Դանդաղ նվազման միտումը կդիտվի, որից հետո հնարավոր է մենք նորից բարձրացում ունենանք»,-ասել է Գայանե Սահակյանը: 

Արդյոք այսօր Հայաստանի պարագայում կարո՞ղ ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսել. հարցին ի պատասխան՝ Գայանե Սահակյանը նշել է, որ Հայաստանի դեպքում հասարակության մեծ թվով հատվածի վարակման մասին խոսելը փոքր-ինչ հարաբերական է: Վերջին տվյալներով` մոտ 127 հազար վարակվածության դեպք կա արձանագրված, եթե դրան էլ գումարենք անախտանիշ դեպքերը, ապա, ըստ Գայանե Սահակյանի, դա ստվար զանգված չի կազմում: Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունտիտետի մասին եթե խոսենք, ապա առնվազն  բնակչության 70-80 տոկոսը պետք է վարակված լինի:

Որքանո՞վ է մեծ կրկնակի վարակվածության ռիսկը: Ըստ Գայանե Սահակյանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի 5-6 կրկնակի վարակվածության նկարագրված դեպք: 

«Ամեն դեպքում այս պահի դրությամբ չկա ստանդարտ բնորոշում, թե որն է կրկնակի վարակը, որ, ըստ այդմ, առաջնորդվենք և հասկանանք, թե արդյոք մենք գործ ունենք կրկնավարկի, թե վատ բուժված և հետագայում շարունակվող գործընթացի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի այդ հստակ բնորոշումը: Ինչ վերաբերում է հակամարմինների ազդեցության ժամանակահատվածին, ապա այստեղ էլ հստակեցում չկա: Կոնկրետ չեմ կարող ասել, թե հիվանդանալուց որքան ժամանակ հետո անձի իմունիտետը բարձրագույն գագաթնակետին կլինի: Բոլոր դեպքերում ապաքինվելուց հետո առաջիկա մեկ կամ մեկ ու կես ամսվա ընթացքում հակամարմինների տոկոսը լինում է ցածր, որից հետո բարձրանում է: Թեպետ որոշ ժամանակ անց նորից դիտվում է նվազում»,-ասել է մասնագետը:    

Գայանե Սահակյանի խոսքով, այս պահին ուշադրությունը հիմնականում կորոնավիրուսն է, սակայն մեկնարկել է նաև սեզոնային գրիպի, սուր շնչառական վիրուսային հիվանդությունների հսկողության համակարգը: Վերջին տվյալների համաձայն` սեզոնային գրիպի համատարած շրջանառություն դեռ չկա, թեպետ սպասվում է Ա և Բ տեսակի  շրջանառում: 

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ