Հայերը սգում են պարտված պատերազմի համար, բայց կասկած ունեն, որ խաղաղություն երկար չի տևի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

1

The Washington Post-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի և ներկա իրավիակի վերաբերյալ հոդված է հրապարակել: Ըստ հոդվածագիրներ Լիզ Քուքմանի և Ռոբին Դիքսոնի՝ կարճատև, բայց դաժան պատերազմի ելքը, որի հետևանքով հայերը տարածքային մեծ կորուստներ ունեցան, այնքան ծանր է հայ զինվորների համար, որ ոմանք կնախընտրեին շարունակել պայքարը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունը մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. հայերը նաև մտահոգություն ունեն, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի։

48-ամյա Սերյան Կարապետյանը, որ պատերազմի մասնակից է, The Washington Post-ին պատմել է, պատրաստ էր մինչև վերջ կանգնել և պայքարել:

«Իհարկե, պատերազմը կվերսկսվի ավելի շուտ, քան կարող եք կարծել, և ես կրկին կվերադառնամ։ Պատրա՞ստ է կինս դրան, թե՞ ոչ, իմ մահը մեր հայ ժողովրդին է ծառայելու»,- ասել է Սերյան Կարապետյանը։

Հոդվածում նշվում է, որ Քարվաճառը Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջաններից մեկն է, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել են հայերը, սակայն եռակողմ պայմանավորվածության հետևանքով այն հանձնվելու է Ադրբեջանին։

Քարվաճառի բնակիչներից մեկը՝ 47-ամյա Ալինա Օհանյանը, պատմել է, որ ամուսինը ռուս խաղաղապահներին առաջարկել է ապրել Դադիվանքի մոտակայքում գտնվող իր տանը։

«Ամուսինս նույնիսկ հարցրեց՝ կարո՞ղ է միանալ իրենց գնդին, որպեսզի կարողանա այստեղ ապրել: Նա ասաց, որ կարող են վերցնել տունն ու ապրել այնտեղ, բայց եթե դրանում ադրբեջանցի է ապրելու, ապա պետք է տունը մինչև հիմքն այրել», - պատմել է քարվաճառցի կինը:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս