Սահմանն ինչու է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում գրած Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութերին, որոնցում Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներն ադրբեջանական զինվորների ներկայությամբ դատարկում են իրենց տները։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Համացանցում օրերս հայտնվող կադրերը մեկը մեկից սահմռկեցուցիչ են: 21-րդ դարում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյության պայմաններում, արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու կարելի է ասել անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ:

Գիշերային չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ 121 բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, կարծում էի՝ գոնե այդ հանձնման գործընթացը կազմակերպված կիրականացվի, պատերազմի տարերայնությունը, թափթփվածությունը այլեւս չեն իշխի մեզ: Բայց ոչ, հայը իր տունն է դատարկում, ադրբեջանցին ծաղրում է նրան՝ իր տան բակում նկարահանում տնից փախուստը, մյուսին գերի է վերցնում, հետո խաղ անելով վերադարձնում, երրորդը անձամբ շնորհակալություն հայտնում ադրբեջանցուն, որ թույլ է տալիս իր իրերը դուրս հանել տանից: Խիստ մտահոգիչ իրավիճակ է։

Մենք պետություն ունե՞նք։

Ո՞ւ են մեր պետական կառույցները։ Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ։ Ուր են մեր փրկարարները, խաղաղապահները, ոստիկանները, ուժայինները․.․Սահմանն ինչու է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է։

Հ.Գ. Լուսանկարում արցախցին շնորհակալություն է հայտնում ադրբեջանցի համազգեստավորից, որ թողնում է իր տան իրերը դատարկել:

Ստոպ կադրը՝ տեսանյութից: Ամաչում եմ…»։

--00--ԱՀ