Ընդդիմության կոչերը հասարակության մեջ լայն արձագանք չստացան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո հայ հասարակությունը չի սատարել երկրում իշխանափոխություն իրականացնելու՝ ընդդիմության բողոքներին և կոչերին:

«Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»,-այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ հիմա կառավարության և ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը:

«Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում»,-ասել է Փաշինյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ