Փոխանակ ինստիտուտ կառուցենք, անձ ենք փնտրել, փրկիչ. ՀՀ նախագահը՝ նոր ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

արմեն սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է իր՝ կառավարության հրաժարականի պահանջին: Թեմային վերաբերող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

Հարց - Դուք ելույթ ունեցաք, որտեղ առաջարկներ ներկայացրիք: Այդ առաջարկները դեռ ուժի մե՞ջ են (խմբ.՝ կառավարության հրաժարականի և ԱԺ արտահերթ ընտրություններ):

Արմեն Սարգսյան - Սրանք ոչ թե ուղղակի օդից վերցրած, այս պահի առաջարկներ են, այլ երկար ժամանակ մտածված առաջարկներ: Մենք խորհրդարանական երկիր ենք և եթե ճգնաժամեր ունենք, ապա լուծումները բավականին պարզ են և հստակ, աշխարհում նորություն չեն: Վաղաժամկետ ընտրություններ պետք է լինեն: Ընտրությունները 2 տարի առաջ են եղել, այսօրվա իշխանությունն Ազգային ժողովում և կառավարությունում այդ մանդատը ստացել է 2 տարի առաջ: 2 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը տարբեր են: Չեմ ասում նորից մանդատ կստանան, թե չէ: Ժողովուրդը կորոշի: Բայց սովորություն է, որ պետք է նորից հետ գնաս մանդատդ թարմացնես, ինչից հետո լրացուցիչ 4-5 տարի ունես, այլ ոչ թե մնացած 2-3-ը: Երկրորդը՝ ընդդիմությունն փողոցից պետք է գնա մասնակցի ընտրությունների: Եվ, իհարկե, այդ ժամանակի ընթացքում պետք է լինի կառավարություն, որին շատերը պետք է վստահեն՝ կամ ազգային համաձայնության, կամ տեխնոկրատ, ինչպես ուզում եք անվանեք: Պետք է լինի հստակ ծրագիր, որը դրված կլինի սեղանին նույն ժամանակավոր կառավարության համար, որ մարդիկ պատրաստ լինեն այդ ժամանակավոր, մեկ կամ կես տարվա ընթացքում աշխատեն նվիրումով և ծառայեն իրենց հայրենիքին: Դա կոչվում է ճանապարհային քարտեզ:

Իմ դեպքում ճանապարհային քարտեզը նախ և առաջ վերլուծական էլեմենտ ունի, այն գրված է, պատրաստ է: Դա այն է, ինչ մինչ օրս սխալ ենք արել, երբ փոխանակ ինստիտուտ կառուցենք, անձ ենք փնտրել, փրկիչ: Երկրորդը վերլուծությունն է այսօրվա տնտեսական, քաղաքական, միջազգային հարաբերությունների, մասնավորապես տարածաշրջանային քաղաքականության, և այսպես ասած ուղեցույց է, թե ուր է գնում աշխարհը, և ուր ենք գնում մենք: Դրանից հետո ճանապարհային քարտեզն է: Դրանք կոնկրետ առաջադրանքներն են կոնկրետ ուղղություններով: Եվ ժամկետներով, այսինքն՝  այսքան ժամանակում սա պետք է արվի, հետո նա, եթե չհասցնենք, ինչ պետք է անենք և այլն: Դա, իհարկե, պետք է համաձայնեցվի:

Ես ստեղծել եմ փաստաթուղթ, որ տամ բանակցողներին, ասեմ՝ սա ընդունեք որպես հիմք, ջնջեք, ավելացրեք, ինչ ուզում եք, արեք: Եվ եթե համաձայնեցված փաստաթուղթ կա, դրա շուրջ կարող ես ունենալ կառավարություն, որը կարիք չի ունենա քաղաքական առաջնորդության: Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, նույնիսկ մեր բարեկամ երկրները, նախարարը կունենան իրենց առջև դրված հստակ ծրագիր: Կառավարությունը կունենա հստակ ծրագիր, թե այսօրվանից սկսած մեկ տարի ինչով է զբաղվում մինչև նոր ընտրություններ:

Բնական և անհրաժեշտ է, որ նոր ընտրություններից առաջ մենք մտածենք ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, որպեսզի մարդը, անկախ նրանից, թե ապրում է Երևանում, թե գյուղում, իմանա՝ ով է իր պատգամավորը և այդ պատգամավորին ամեն օր կանչի պատասխանատվության:

Եվ, իհարկե, Սահմանադրության մեջ փոփոխությունների կարիք ունենք, որովհետև ունենք Սահմանադրություն, որտեղ հավասարակշռության և զսպումների մեխանիզմներ չկան, և դա շատ վտանգավոր է:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ