ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News   

․

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով:

Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:

--00--ԱՀ