Կոտայքի մարզում ոստիկանները մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News   

․

Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 24-ին ստուգել են Դիլիջանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենան և վարորդը տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։ «Պարզվել է, որ զինամթերքը ձեռք է բերել օրեր առաջ մարտական գործողությունների ընթացքում։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ