Չենք կարող մեր եղբայրներին` հայերին, մենակ թողնել այս ագրեսիայի, անարդարության դեմ. Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն Սենատում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ նշեց՝ 8 տարի առաջ, երբ Սենատն ընդունեց Ցեղասպանության ժխտման դեմ օրինագիծը, երբևէ չէր կարծում, որ 8 տարի անց կանդրադառնա էթնիկ զտումների հարցին:

«Այս հարցը պետք է մեկընդմիշտ լուծենք: Մենք տեսանք, թե այս ընթացքում Թուրքիան ինչ փորձեց անել և վերադառնալ ցեղասպանության և էթնիկ զտումների գաղափարին: Ցավում եմ, բայց մեր լռությունը դրա պատճառն է եղել: Որևէ բան չի արվել Հայաստանի համար: Որևէ բան չի արվել, երբ հազարավոր հայեր տեղահանվել են, երբ մեր լրագրողների վրա հարձակում է եղել, երբ ջիհադիստներն էին գործում: Մեր պետությունը մնացել է չեզոք` ասելով, թե ՄԽ համանախագահն այդպիսին պետք է լինի: Մենք չենք կարող չեզոք մնալ, երբ ջիհադիստներն են գործում: Չենք կարող մեր եղբայրներին` հայերին, մենակ թողնել այս ագրեսիայի, անարդարության դեմ»,- ասաց նա:

Բուայեի խոսքով՝ Միջազգային հանրությունը նորից թույլ է տալիս, որ հայերը մահանան, այս անգամ՝ Արցախի հայերը: Նա նաև անդրադարձավ Արցախի մշակութային ժառանգությանը, նշեց՝ պետք է նորից հասկանալ` ինչ արժեքներ են մնում Ադրբեջանի տարածքում, օրինակ` Դադիվանքը, քանի որ եթե դրանք մնան այդտեղ, Ադրբեջանը կվերացնի: 

«Եթե Ֆրանսիան մինչև հիմա լսել է, պետք է հիմա գործենք: Այս նիստը պետք է ծառայի, որպեսզի ապագայում մենք չկարմրենք արածների համար: Պետք է ճանաչենք Ղարաբաղը՝ փոքր մի երկիր: Այնտեղ ցանկանում են անկախություն ոչ թե ինչ-որ նկրտումների համար, դա նրանց կյանքի միակ երաշխիքն է»,- նշեց Բուայեն:

--0--ԿԿ