Կոչեր անելուց առաջ մտածեք. Կովսականի բնակիչը պատմել է՝ ինչպես են լքել բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Կովսական

Կովսականի բնակիչ Կարեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրենց բնակավայրերը լքելու մասին շրջանառվող հակասական լուրերին: Նա պատմել է՝ ինչպես են իրենք լքել Կովսականը:

«Կովսականը սկուտեղի վրա հանձնելուց երկու օր առաջ` Կովսական եկավ վարչակազմի ղեկավարը և կոչ արեց չլքել քաղաքը, ավելին` սպառնաց պատասխանատվության ենթարկել քաղաքից իրենց ունեցվածքը հանել ցանկացողներին, իբր թե դա կառաջացնի խուճապ, և բնակիչները կլքեն Կովսականը։

Երկու օր անց լուրեր տարածվեցին, թե սպասվում է հակահարձակում, ու որպեսզի քաղաքացիական բնակչությունը չտուժի սպասվող գործողության արդյունքում` խորհուրդ տվեցին մեկ օրով դուրս գալ քաղաքից դեպի Կապան, հետ վերադառնալու նպատակով։ Իհարկե, մենք այլևս Կովսական չվերադարձանք, արդյունքում Կովսականում թողեցինք այն ամենը ինչ կար, մասնավորապես` մոտ 1000 տոննա հացահատիկ, տասնյակ գյուղտեխնիկա, դպրոցի, մանկապարտեզի, քաղաքապետարանի և հիվանդանոցի գույքը։

Ի դեպ 2 օր առաջ հիվանդանոցը ստացել էր ( կամավորների կողմից հավաքած ) մոտ կես տոննա դեղորայք ու պարագաներ։ Թողեցինք թանկարժեք «Արմաթ» լաբորատորիան, մի քանի հազար դոլարի հասնող` «Թաթուլ» խմբի տարազներն ու տեխնիկան։ Թողեցինք Թաթուլի կիսանդրին ու բնակչության ողջ ( նաև ընտանի կենդանիների մոտ կեսը, իսկ թռչունները ամբողջությամբ ) ունեցվածքը, բացառությամբ հապշտապ վերցրած մի քանի բաների։

Հիմա ասածս ինչ ա, տարբեր կոչեր անելուց առաջ մտածեք, լավ մտածեք, եթե դեռ ունեք այդ անելու ունակությունը։

ՀԳ) Մենք էտ ա կորցրինք, Բերձորցուն չխաբվեք»,- գրել է նա։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս