Սահմանազատման աշխատանքները հասնում են մինչև Ջերմուկ. այստեղ ևս խնդիրներ են լինելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Թագուհի

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի զինվորականները հայտնվել էին Սոթքում, այստեղ սահմանազատման աշխատանքներ էին սկսվել:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղում լրագրողների հետ զրույցում նշեց՝ սահմանազատման աշխատանքները ոչ միայն Սոթքի հատվածով են անցնում, այլ շարունակվում են, հասնում են Ջերմուկի հատված: Այնտեղ ևս, ըստ պատգամավորի, խնդիրներ են լինելու, քանի որ դիրքավորումների վերաբերյալ մեր և Ադրբեջանի պատկերացումները չեն համապատասխանում:

Պատգամավորն ընդգծեց՝ հայկական բանակը պետք է ապահովի տեղի բնակիչների անվտանգությունը, քանի որ աշխարհագրորեն կորցրել ենք անվտանգ «բուֆերային գոտի» Քարվաճառը, հիմա այդ խնդիրը առաջացել է, պետք է հասկանալ՝ ինչ ծավալով են մեր անվտանգությունը կարողանալու պահպանել հայկական բանակի ներկայացուցիչները:

«Մեր բանակը պիտի մեջքը ուղղի, հիմա այդ գործընթացի մեջ ենք, այս գործընթացում կարող ենք ունենալ անհավասար պայմաններ, քանի որ իրենք իսկապես եկել են մի քանի հարյուր հոգով, մենք այստեղ չենք կարողացել ունենալ այդքան թվով զինվորականներ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հանքի շահագործմանը՝ Թովմասյանը հայտնեց.

«Ես ստացել եմ հավաստիացումներ, որ հանքը շահագործվելու է, շարունակելու է աշխատել, իսկ ծավալների մասին առաջիկայում կստանանք պաշտոնական հավաստիացումներ, քանի որ այս պահին բանակցություններ են գնում»:

--00--ԱԹ