Զախարովան կոչ է անում չքաղաքականացնել մարդասիրական գործողությունները ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Մոսկվան կոչ է անում ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերին` չքաղաքականացնել այս տարածաշրջանում մարդասիրական գործողությունները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում չքաղաքականացնել մարդասիրական գործողությունները, անհետաձգելիորեն սկսել աշխատանքը, որը խիստ անհրաժեշտ է տարածաշրջանում այս բավական սուր մարդասիրական իրավիճակում: Դա շատ կարևոր ներդրում կլիներ տարածաշրջանում մշակութային հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության, միջկրոնական, միջէթնիկ հրադադարի և համաձայնության ձեռք բերման համար»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ վերջին օրերին ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակել են բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար, ականազերծման, կորած զինծառայողների և զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ են իրականացրել: Սկսել է աշխատել Հումանիտար արձագանքման կենտրոնը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է` միջազգային օգնություն են մոբիլիզացրել, իսկ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

«Աշխատում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, Համաշխարհային պարենի ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՀԿ-ի հետ»,- նշել է նա:

--00--ԱԹ