Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջել կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացել պատերազմի ընթացքում վիրավորված և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ, հայտնում են հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ կենտրոնի ընթերցասրահում տեղի է ունեցել նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմել են իրենց մարտական ուղու մասին, բարձրացրել իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արել ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմել է, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Աննա Հակոբյանը լսել է բոլորին, պատասխանել հարցերին, և, ի դեմս հանդիպման ներկաներին, հավաստիացրել, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ:

«Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք», - նշել է Հակոբյանը:

Զինվորները շնորհակալություն են հայտնել կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրել խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:

Հիմնադրամից հիշեցնում են, որ հետևողականորեն աջակցում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին` հատուկ հոգածության տակ առնելով մեր քաջ զինվորականներին: Հիմնադրամի ու Կենտրոնի միջև կնքվել է նվիրաբերության 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) պայմանագիր։ Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի:

Երախտապարտ ենք մեր բոլոր բարերարներին, աջակիցներին, որ իրենց վստահությամբ ու գործուն քայլերով օգնում են մեզ լինելու Հայրենիքի պաշտպանի կողքին:

--00—ԼՄ