ՀՀ զինդատախազը «Human Rights Watch»-ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News 

Դատախազություն

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոքշինային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների և զինված ուժերի օգտագործմամբ, պատերազմ վարելու արգելված մեթոդների և զինատեսակների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության առարկա հանդիսացող փաստական հանգամանքները:

Կողմերն անդրադարձել են նաև սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերին:

Զինվորական դատախազը իր խոսքում կարևորել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերի մասին միջազգային իրավապաշտպան և շահագրգիռ հասարակական կառույցների ու կազմակերոպությունների տեղեկացվածությունը, ինչպես նաև տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը, նրանց նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունների իրական հնարավորության կանխման գործընթացում միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր հասարակական կազմակերպությունների էական դերակատարում ունենալու հանգամանքը:

Տիկին Լոքշինան, առանձնակի մտահոգություն հայտնելով ռազմական գործողությունների ժամանակ անթույլատրելի զինատեսակների կիրառման առնչությամբ, պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս