Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պետքարտուղար Լըմուանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ոգուն համահունչ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:

Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»:

Ժան-Բատիստ Լըմուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը, Ազնավուր հիմնադրամի ղեկավարությունը:

Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

--00--ԱԹ