Էջմիածնի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ հումանիտար աջակցության համար

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախացիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը: 

Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը Հայաստանին եւ Արցախին  միջազգային հարթակներում աջակցելու գործում:  

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը եւ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար: 

Պետքարտուղարը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը: 

Հանդիպման ավարտին կողմերը հետագայում համագործակցության շրջանակն ընդլայնելու եւ առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: 

Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:

--00--ԱԹ