Գունավոր հեղափոխությունը` տարածք կորցնելու միջոց. Военное Օбозрение-ն` ԼՂ մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

հեղափոխություն

Գունավոր հեղափոխությունը տարածք կորցնելու լավագույն միջոցն է: Այս մասին նշում է ռուսական Военное Օбозрение հրատարակությունը` անդրադառնալով հետխորհրդային երկրներում հեղափոխություններին:

«Հայտնի է` այս աշխարհում ամեն ինչի համար պետք է վճարել կամ պատժվել: Իսկ առավել հաճախ` թե մեկը, թե մյուսը: Սա առավել բնորոշ է հետխորհրդային տարածքում տեղի ունեցող, «գունավոր հեղափոխություն» կոչվածներին: Իսկ եթե նման միջոցառումները, որպես կանոն, ֆինանսավորում են արտաքին խաղացողները, ապա դրա հետևանքների ամբողջ ծանրությունն ընկնում է այն երկրի վրա, որ իր երկրի ներսում հերթական «մայդան» է թույլ տվել:

Այդ երկրի` արտաքին կառավարմանն անցնելը, տնտեսությունն օտարերկրյա գործընկերների հետաքրքրություններին ենթարկելը անխուսափելի կործանման է տանում: Արդյունաբերության, գիտության, կրթության ոչնչացում ... Խորհրդային ժամանակներից սովորական դարձած սոցիալական ոլորտի վերացում: Այս ամենը արտերկրից կառավարվող և «հեղափոխության» հրաշալի կարգախոսների տակ իրականացվող քայլերի անխուսափելի հետևանքն են: 

Ուստի՝ ամենևին զարմանալի չէ, որ «գունավոր» հեղաշրջում անցած պետությունը գրեթե միշտ, որպես կանոն, ստիպված է հրաժարվել սեփական տարածքների այս կամ այն մասից: Այս պարագայում քիչ չեն կոնկրետ օրինակները. Վրաստանը, «Վարդերի հեղափոխությունից» հետո 2003 թվականին Միխեիլ Սահակաշվիլիին իշխանության բերելով, վերջնականապես «հրաժեշտ տվեց» Աբխազիային և Հարավային Օսիային: Նույն իրավիճակը ստեղծվել է նաև Ուկրաինայում, ինչը հանգեցրել է Ղրիմի կորստին:

Այս շարքի վերջին օրինակը, թեպետ մի փոքր տարբերվող, կարող է լինել Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Հայաստանի պարտությունը: Քանի դեռ երկիրը կառավարում էին առավել կամ պակաս հաջողակ, սակայն «ոչ մայդանային» լիդերներ, իրավիճակը չէր հասնում այսքան լայնածավալ զինված բախման: Սակայն բավական էր` Երևանում լիներ այն, ինչ անչափ նման էր դասական «գունավոր հեղափոխությանը», հանկարծ պարզվեց, որ բոլոր «հրաշալի հեռանկարները», որ հանրահավաքի ժամանակ նկարագրում էին «հրապարակային» առաջնորդները, իրականում պարզապես խոսակցություններ ու բլեֆ են: Իրական փորձություններին, ու առավել ևս` պատերազմի, Հայաստանը, պարզվեց, պատրաստ չէր»:

--00--ԱԹ