Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

հասարակական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է՝

ՀՀ կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք եւս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես,

– նմուշառում,

– շարժական նմուշառում,

– շարժական ռենտգենաբանական,

– շարժական ֆլյուորոգրաֆիկ,

– շարժական մամոգրաֆիկ,

– շարժական ուլտրաձայնային,

– շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ,

– շարժական ակնաբանական,

– շարժական ստոմատոլոգիական,

– շարժական պալիատիվ,

– խորհրդատվական։

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ ըստ նոր կարգավորման՝

բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել ՄԻԱՅՆ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում։

Այսինքն, օրինակ, տնային պայմաններում բուժօգնության այս տեսակներն առանց լիցենզիայի մատուցելը նոր կարգավորմամբ արդեն խախտում է դիտարկվում։

 Կառավարության այս որոշմամբ, մասնավորապես, կարգավորվում է նաեւ տնային պայմաններում Covid-թեստավորման կամ բիոլոգիական նմուշների այլ նմուշառումների գործընթացը․ սա կարող են իրականացնել բացառապես շարժական նմուշառման հավելյալ լիցենզավորում ունեցող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունները։

Միաժամանակ, կառավարության 1711-Ն որոշմամբ՝ բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:

Այսինքն՝ սկսած նոյեմբերի 20-ից (երբ ուժի մեջ է մտել որոշումը) անհրաժեշտ է դադարեցնել արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը։ Այլապես դա կդիտարկվի որպես չլիցենզավորված գործունեություն, ինչը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

 Կառավարության նույն որոշմամբ՝ երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը: Այսպիսով՝ 0-18 տարեկան երեխաներին բուժօգնության եւ սպասարկման ցուցաբերումը եւս ենթադրում է լիցենզիայի պարտադիր առկայություն։

--0--ԿԿ