Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններն է կարգավորում դռնփակ հանդիպումներով

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

թուրք

Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար դռնփակ հանդիպումներ է իրականացնում, այդ հարցում առանցքային դեր է վերապահելով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հայտնում է «Al Monitor» լրատվականի թղթակից Ամբերին Զամանը։ 

Ըստ նրա՝ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որոշ ժամանակ առաջ ակտիվացրել է հետախուզական ծառայության գործունեությունը։  

«Al Monitor»-ին հայտնած երեք գաղտնի աղբյուր հաստատել են, որ վերջին շաբաթների ընթացքում կայացած հանդիպումներից առնվազն մեկում ներկա է գտնվել Հաքան Ֆիդանը, սակայն այդ աղբյուրները հրաժարվել են մանրամասնել, թե որտեղ են կազմակերպվել հանդիպումները։

Լրագրողը, անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում Իսրայելի ձեռնարկած քայլերին, հիշեցրել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նրա դիտարկմամբ՝ Իսրայելն այդ քայլով տարածաշրջանում սկսել է ամրապնդել իր դիրքերը և ազդել ուժային բալանսի փոփոխման վրա։ 

«Թուրքիան «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո մինչև օրս Իսրայելի հետ կուլիսային դիվանագիտություն է վարում»,- գրում է Ամբերին Զամանը։

Հիշեցնենք, որ 2010 թվականին  «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակումից հետո Անկարան իր դեսպանին հետ էր կանչել Թել Ավիվից, և երկու երկրների միջև հարաբերությունները մնում էին լարված:

Անկարան միջադեպից 6 տարի անց՝ 2016թ․ Թել Ավիվում կրկին դեսպան նշանակեց՝ ազդարարելով հարաբերություններում առկա լարվածության թուլացումը։ Սակայն կարճ ժամանակ անց Իսրայելի կողմից Գազայի դեմ հարձակումները և 2018թ․ ԱՄՆ-ի՝ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները լարվածության նոր շրջափուլ թևակոխեցին։ 2018թ․ մայիսից Թուրքիան և Իսրայելը հետ կանչեցին իրենց դեսպաններին։

--00--ԱԹ